Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը տոնում է հիմնադրման 45 ամյակը: Ուղիղ 45 տարի այս կառույցը համարվում է հայկական սպորտի դարբնոցը: Հենց այս քոլեջի մարզիկներն են հետագայում համալրում ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտն ու աշխարհի տարբեր մրցահարթակներում բարձր պահում Հայաստանի անունը: Քոլեջի 45 ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ նվերների ամբողջական շարք է մատուցել մարզական քոլեջին: Նրա անձնական միջոցներով քոլեջի քանդված ու ավիրված տարածքում կառուցվել են թենիսի կորտեր, թեկվանդոյի մարզադալիճ ՝ համալրված վերջին սերնդի մարզասարքերով և ժամանակակից հրաձգարան: Նոր մարզակառույցների բացումն անձամբ ազդարարել է Գագիկ Ծառուկյանը: Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելով քոլեջի ուսանողական ու մանկավարժական կազմին՝ ՀԱՕԿ նախագահը ընդգծել է, որ օլիմպիական հերթափոխի քոլեջը իր առանձնահատուկ դերն ու նշանակությունն ունի հայկական սպորտի կայացման ու զարգացման գործում: