Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը տոնում է 45 ամյակը

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը տոնում է հիմնադրման 45 ամյակը: Ուղիղ 45 տարի այս կառույցը համարվում է հայկական սպորտի դարբնոցը: Հենց այս քոլեջի մարզիկներն են հետագայում համալրում ֆիզիկական կուլտուրայի Հայկական  պետական ինստիտուտն ու աշխարհի տարբեր մրցահարթակներում բարձր պահում Հայաստանի անունը:  Քոլեջի 45 ամյակի  կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ նվերների ամբողջական շարք է մատուցել մարզական քոլեջին: Նրա անձնական միջոցներով  քոլեջի քանդված ու ավիրված տարածքում  կառուցվել են թենիսի կորտեր, թեկվանդոյի մարզադալիճ ՝ համալրված վերջին սերնդի մարզասարքերով  և ժամանակակից հրաձգարան:  Նոր մարզակառույցների բացումն անձամբ  ազդարարել է Գագիկ Ծառուկյանը:  Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելով քոլեջի ուսանողական ու մանկավարժական կազմին՝  ՀԱՕԿ նախագահը  ընդգծել է, որ օլիմպիական հերթափոխի քոլեջը  իր  առանձնահատուկ դերն ու նշանակությունն ունի հայկական սպորտի կայացման ու զարգացման գործում: