«ԾԱՌՈՒԿՅԱՆե ԴԱՇԻՆՔ»
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ,
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու մեր երկրի ապագայի համար։ Պետության խաղաղության, զարգացման, առաջընթացի ու բարգավաճման հիմնական գրավականը արդարությունն է։ Ձեր ընտրությունից է կախված, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ունենալու առաջիկա տարիներին։ Դո՛ւք եք այն ուժը, որ կարող է մեր հայրենիքը դարձնել ավելի՛ բարեկեցիկ, ժողովրդավար, խաղաղ ու անվտանգ։ Մեր երկրի ամենահզոր ներուժը արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացին է լինելու։
Ես հավատում եմ, որ միավորելով մեր բոլորի կամքը, ձգտումը, պատասխանատվությունն ու աշխատանքը, մենք կառուցելու ենք արժանապատիվ, արդար ու բարգավաճ Հայաստան։
«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ժամանակակից, բարեկեցիկ և ուժեղ Հայաստան կառուցելու իրատեսական ծրագիր։
Ես քանիցս ասել եմ, որ քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր գործիչ պետք է հստակ գիտակցի, որ ինքը պատասխանատու է հասարակության համար՝ ինչպես իր ընտանիքի անդամի համար։ «Ծառուկյան» դաշինքի յուրաքանչյուր անդամ գիտակցում է այդ մեծ պատասխանատվությունը։ Մենք գնում ենք ընտրությունների՝ վստահությամբ, որ դրանք կանցնեն արդար, ազնիվ և քաղաքակիրթ մրցակցության պայմաններում։
Ես ասել եմ, որ եկել եմ իմ խաչը տանելու, և վստահ եղեք, որ տանելու եմ մինչեւ վերջ։
Ապագան նրանն է, ով գիտի՝ ուր է գնում և հանուն ինչ նպատակի։
Եկել է փոփոխությունների և կառուցելու ժամանակը։
ՍԻՐՈՎ ՁԵՐ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Սիրելի հայրենակիցներ,
Մենք կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ձեր ձայնը տալ «Ծառուկյան» դաշինքին:
Որովհետև՝
- Մենք ունենք բավարար քաղաքական կամք՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս բերելու տնտեսական և սոցիալական խոր ճգնաժամից:
- Մեզ անհրաժեշտ է հանրային լայն աջակցություն:
- Տվեք մեզ 50+1 տոկոս ձայն, և մենք պարտավորվում ենք.
Ներդրումային քաղաքականության և հարկային-մաքսային ոլորտ
- 2018 թվականից ապահովել ՀՆԱ-ի 6 տոկոս և ավելի իրական աճ:
- Փոխել հարկային օրենսդրությունը և Էապես բարելավել հարկային վարչարարությունը։
- Բարձրացնել փոքր և միջին ձեռնարկատերերին շրջանառության հարկով հարկելու շեմը մինչև տարեկան 150 մլն դրամ:
- Առաջիկա 5 տարիներին տարեկան մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:
- 2019 թվականից ֆինանսական միջնորդության և հանքարդյունաբերության ոլորտում վերանայել շահութահարկի մակարդակը՝ հօգուտ պետական բյուջեի: Ապրանքներ ներմուծելիս վերացնել սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը:
- Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:
- Մենաշնորհների դեմ պայքարում խստացնել օրենսդրությունը: Վերացնել շուկա մտնելու և շուկայից դուրս գալու արգելքները:
- Ընդունել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին և հակամենաշնորհային նոր օրենսդրություն: Փոքր տնտեսավարողները պետք է հնարավորություն ունենան դառնալու միջին, իսկ միջինները՝ խոշոր:
- Ապահովել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների սեփականության և ներդրումների իրական անձեռնմխելիություն՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հաճախ մեր համաքաղաքացիներին ճնշման տարբեր մեթոդներով, որոշ դեպքերում՝ «դատական վճիռներով», հարկային և մրցակցային բիրտ ճնշմամբ ստիպում են նվազագույն գնով օտարել գույքն ու բիզնեսը կամ՝ ուղղակի տանում են սնանկացման։
- Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչ գների» կիրառումը:
- Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման և բնապահպանական վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմները՝ հօգուտ պետական բյուջեի:
- Կիրառել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները, ապահովել հանրապետության յուրաքանչյուր մարզում հարկերից ազատված առնվազն մեկ արդյունաբերական գոտու գործունեությունը:
- Վերանայել գնաճի սահմանման գործող քաղաքականությունը՝ հիմքում դնելով արտահանման համակողմանի խթանումը:
Գյուղատնտեսության ոլորտ
- Հանրապետությունում գործող շուրջ 320 հազ. գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը «վարկերի տակ են», իսկ դրանց սուբսիդավորումն աննշան է: Պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին: Գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը:
- Գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման գործընթացում իրականացնել լիակատար աջակցության քաղաքականություն:
- Յուրաքանչյուր տարածաշրջանի համար կառավարության կողմից հաստատել հատուկ պետական ծրագրեր՝ հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմանները և գյուղմթերքների արտադրության առանձնահատկությունները:
- ՄԱնցած տարիներին գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև՝ փոքր ու միջին ձեռնարկություններին, բարձր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման արդյունքում բազմահազար քաղաքացիներ զրկվել են իրենց գույքից և սեփականությունից։ Ուստի, տարբեր պետական և բանկային համակարգի չինովնիկներ պարտավոր են փոխհատուցել այդ վնասները, քանի որ հանրապետությունը հարյուր միլիոնավոր դոլարների վարկեր էր ստացել տարեկան 0.25-1.5% տոկոսադրույքներով, իսկ գյուղացուն և ՓՄՁ-ներին այդ վարկերը տրամադրվել են 22-26 % տոկոսադրույքներով:
- Գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ:
Շինարարության ոլորտ
- Էականորեն կրճատել դեռևս խորհրդային ժամանակներից մինչև օրս կիրառվող անհարկի և անհասկանալի տոկոսները, որոնք լուրջ նախադրյալներ են ստեղծում «ատկատների» և տրվող կաշառքների համար:
- Տոկոսների կրճատման արդյունքում շինարարության բնագավառում վարկերից, դրամաշնորհներից, պետական և համայնքային բյուջեներից տարեկան կտնտեսվի տասնյակ միլիարդավոր դրամ:
- Արմատախիլ անել մրցույթների գործող համակարգը, որի հետևանքով շինարարական աշխատանքների պայմանագրերը մշտապես շահում են մի քանի խոշոր ընկերություններ, որոնց թիկունքում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ:
Աղետի գոտի
Մինչև 2019 թվականը աղետի գոտում ՀՀ ոչ մի քաղաքացի չի ապրելու ժամանակավոր կացարաններում:
- Աղետի գոտում առաջիկա 5 տարիներին մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հատկապես թեթև արդյունաբերության ձեռնարկություններում, նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումներն ազատել հարկերից:
Սոցիալական ապահովության ոլորտ
- Ամբողջովին վերանայել թոշակների և նպաստների գործող համակարգը:
Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազ. դրամով և պարբերաբար ինդեքսավորել:
- Արցախյան պատերազմի մասնակիցների սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով սահմանել հատուկ կարգ:
- 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազ. դրամ:
Առողջապահության ոլորտ
- Առողջապահական հիմնարկներում բացառել անարդարությունը, հիվանդների իրավունքների ոտնահարումը։ Առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել։
- Մարզերում և հատկապես սահմանամերձ համայնքներում լրացնել որակյալ մասնագետների «բացը»՝ սահմանելով արտոնյալ պայմաններ, որոնք գրավիչ կլինեն մասնագետների համար։
- Արգելել անորակ դեղերի ներմուծումը և բացառել դեղերի անհարկի բարձր գների մենաշնորհային դրսևորումները.
Կրթության և գիտության ոլորտ
- Պետական բուհական համակարգում հիմնովին փոփոխել ընդունելության քննությունների կարգն ու չափանիշները: Վերացնել ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը:
- Հանրակրթական դպրոցներում վերանայել ռազմական նախնական պատրաստվածության ծրագիրը: Առաջիկա հինգ տարիներին Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կառուցել առնվազն 10 նոր հրաձգարան:
- Լուծարել ԲՈՒՀ-երի ձևական բնույթ կրող կառավարման խորհուրդները:
- Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից:
- Հիմնովին վերափոխել Գիտությունների Ազգային Ակադեմիայի կառուցվածքն ու աշխատանքների ուղղությունները:
- Գիտություն-արտադրություն, գիտություն- ռազմական արդյունաբերություն կապը դարձնել ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը:
Մշակույթ և սպորտ
- Առաջիկա 10 տարիներին վերականգնել ՀՀ տարածքում գտնվող պատմա-մշակութային բոլոր կոթողները` սահմանելով դրանց առաջնահերթությունները:
- Բացառիկ ծրագրերի ներդրմամբ՝ ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմա-մշակութային կոթողները վերականգնելու և պահպանելու նախագծեր:
- Վերականգնել և անհրաժեշտ գույքով ապահովել խորհրդային տարիներին գործող մարզական կառույցները` անկախ դրանց սեփականության ձևից:
- Սահմանել մարզաձևերի առաջնահերթությունները և հաստատել զարգացման առանձին պետական ծրագրեր:
Տարածքային և տեղական ինքնակառավարում
- Հայաստանի Հանրապետությունում վարչատարածքային նոր համակարգի ներդրմամբ՝ վերանայել քաղաքային և գյուղական համայնքներում ընտրությունների կարգը:
- Վերանայել համայնքների խոշորացման գործընթացը: Այն չի բխում համայնքների շահերից և հաշվի չի առնում տեղական, վարչատարածքային, համայնքային ավանդույթները և մի շարք այլ առանձնահատկություններ:
Խաղաղ, կայուն տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է։ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա։ Առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել։
Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականության օգտին։
Մենք հանդես ենք գալիս հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացման և խորացման օգտին։ Շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ ԵԱՏՄ, ԱՊՀ , ՀԱՊԿ շրջանակներում։
Միաժամանակ շարունակելու ենք կառուցողական մասնակցություն ունենալ եվրոինտեգրացիոն գործընթացներին։ Առաջիկայում ստորագրվելիք Հայաստան-ԵՄ իրավական նոր համաձայնագիրը որակական նոր փուլ կնախանշի Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։
Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման օգտին՝ առանց նախապայմանների առաջադրման։
- Արտաքին քաղաքական հայեցակարգում կարևոր ենք համարում նաեւ ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների առաջարկությամբ ՀՀ կառավարությունում հատուկ ծրագրերի հաստատումը` հաշվի առնելով յուրաքանչյուր գաղթօջախի առանձնահատկությունները:
Ուժային կառույցների ոլորտ
- Պաշտպանության ոլորտում առաջիկա 2 տարիներին կտրուկ ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը` ՀՀ կառավարության կողմից հաստատված հատուկ կարգով: Առաջնագծում զինվորական ծառայության առաջնահերթությունը վերապահել պայմանագրային զինծառայողներին:
- Առաջնագծում պետք է ծառայեն նաև ունևոր և բարձր պետական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների զավակները։
- Յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի 5%-ն ուղղել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը:
Այլ ոլորտներ
- Վերանայել 2017 թվականի պետական բյուջեի ծախսային մասը` դադարեցնելով անարդյունավետ բոլոր ծրագրերի հետագա ֆինանսավորումը:
- Պետական բյուջեից կատարվող գնումների ոլորտում առաջնահերթությունը տալ տեղական արտադրողներին:
- Բացառել օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին:
- Վերացնել արագաչափերը և կարմիր գծերը:
- Պետական կառավարման համակարգում վերացնել արտաբյուջետային ֆոնդերը:
- Մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը կիրառել համաներում:
- Արմատապես վերանայել հատուկ կարիքներ ունեցող անձանց (հաշմանդամների) նկատմամբ իրականացվող պետական քաղաքականությունը:
- Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ և նախագահությունն օրենքով վերապահել ընդդիմությանը:
- Ապահովել անկախ, անաչառ, թափանցիկ դատական համակարգ, որը կերաշխավորի մարդու արժանապատվությունը: Դատական վճիռները կայացնել ժամանակին և օբյեկտիվ՝ բացառելով անհարկի ձգձգումները:
- Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները: Իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել։
- Հանրապետությունից արտագաղթած և իրենց տները կորցրած մեր հայրենակիցներին, վերադառնալու դեպքում, անվճար տրամադրել հողատարածք՝ բնակելի տներ կառուցելու համար։ Անհրաժեշտության դեպքում տրամադրել նաև մատչելի վարկեր։
- Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ սահմանին 1000մ3 գազը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն երկու անգամ բարձր գնով:
- Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 %-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) և ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ:
Սիրելի հայրենակիցներ,
Մեր նպատակն է՝
Ունենալ հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք, արժանապատիվ քաղաքացի։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է «ԾԱՌՈՒԿՅԱՆե ԴԱՇԻՆՔ»