Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպել է լեգենդար գեղասահորդուհի, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինայի հետ:
Հանդիպումից առաջ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հյուրերի հետ շրջեց «Օլիմպավան»-ում: Լեգենդար գեղասահորդուհին հիացմունքով շրջեց տարածքով և ասաց, որ նախանձում է Հայաստանի այս հարստությանը:
Հանդիպման ընթացքում Ռոդնինան նշեց, որ նրա անունով Երևանում բացված մարզադպրոցը ՀԱՕԿ նախագահի աջակցության կարիքն ունի:
«Ես միշտ հիացմունքով եմ հետևել Ձեր ծավալած գործունեությանը: Այս հրաշալի կառույցը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Դուք անշահախնդիր կերպով եք սիրում հայկական սպորտը և ցանկանում եք այն զարգացնել: Եվ հենց այդ պատճառով է, որ մենք այժմ այստեղ ենք: Ես շատ շնորհակալ եմ և զգացված, որ իմ անունով մարզադպրոց կա Երևանում: Հայկական գեղասահքը լավ ավանդույթներ է ունեցել և հիմա էլ կարծես նորից փորձում է վերածնունդ ապրել: Ցանկանում ենք վայելել Ձեր աջակցությունը, օգնությունը: Իսկ արդյունքներն էլ, հավատացեք` չեն ուշանա»,-ասաց օլիմպիական չեմպիոնը:
Ի պատասխան Ռոդնինայի խնդրանքին`ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտեց. «Բազմիցս ասել եմ, որ ես հայկական սպորտի կողքին եմ: Ինչով պետք է` ձեզ կաջակցենք և կօգնենք: Վստահ եղեք` Ձեր խնդրանքն ու դիմումն անպատասխան չեն մնա»: