Քնքշաբույր վարդեր, վաղ առավոտից հնչող բարեմաղթանքներ ու անսահման ժպիտ. Կանանց միջազգային օրը՝ լավագույն առիթ արժանիորեն մեծարելու կանանց ու գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցնելու համար: Մայրության և գեղեցկության տոնի առիթով, ավանդույթի համաձայն, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հիշարժան անակնկալների մի ամբողջ շարք է մատուցել մեր երկրի տասնյակ հազարավոր կանանց: Այսօր վաղ առավոտյան տասնյակ մեքենաներ ուղեւորվել են մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր շրջաններ՝ տոնական շունչ սփռելով մեր երկրի տարբեր անկյուններում: Բազմերանգ վարդեր, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, փողոցներում շրջող և կանանց ծաղիկներ պարգևող երիտասարդների անսպասելի հայտնությունը հաճելի իրարանցում է առաջացրել ամենուր: Տոնի առիթով Գագիկ Ծառուկյանի անունից քնքշաբույր վարդեր ու շնորհավորական բացիկներ են ստացել բոլոր կանայք: