Սիրելի՜ կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ․
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային լուսավոր այս տոնի առթիվ, որը նաև առանձնահատուկ խորհուրդ ունի։ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը հայտարարված է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։
Այսօր, առավել քան երբևէ, երբ հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենի սահմանների պաշտպանության, կարևոր է յուրաքանչյուր նոր ծնվող բալիկի մասին ավետման լուրը։ Իհարկե, ցանկացած դժվարության ու փորձությունից հետո կյանքը միշտ էլ շարունակվում է ու կյանքի այդ շարունակականությունը ապահովում են նոր ծնվող բալիկների ճիչերն ու նոր ձևավորվող հայկական ընտանիքները։
Սիրելի՛ մայրեր և քույրեր, անսահման շատ սիրեք ձեր հայրենիքը, սյուն ու հենարան եղեք ոչ միայն ձեր ընտանիքների, այլ նաև մեր պետության ու պետականության համար, քանզի վիրավոր մեր հայրենիքն այսօր կանացի ջերմության, հոգատարության ու սրտացավության կարիք ունի։ Ինչպես ձեր տունն եք շենացնում ու կանգուն պահում, այնպես էլ ձեր լուման ներդրեք մեր հայրենիքի շենացման գործում։
Անսահման արևշատություն ու երջանկություն ձեզ…
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս․․․