Սիրելի՛ հայրենակիցներ ու մարզասերներ.
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր մարզիկների վերջին օրերի փառահեղ հաղթանակների առթիվ։ Երեկ երեկոյան Աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ` դառնալով Եվրոպայի 7-ակի չեմպիոն:
Ավելի վաղ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարներից Մալխաս Ամոյանը ջախջախեց մրցակցին, և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ըմբշամարտը, սակայն, միակ հաղթական մարզաձևը չէր այս օրերին։ 8 տարվա ընդմիջումից հետո Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ մեր մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը 2 օր առաջ նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ արդեն երեկ երեկոյան 67 կգ քաշային Գոռ Սահակյանը նվաճեց հերթական ոսկին ու հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Այս հաղթանակները ցնծության ու ազգային հպարտության զգացողություն են պարգևում աշխարհի բոլոր հայերին, քանզի չկա ավելի մեծ հպարտություն, քան երբ աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակներում հնչում է մեր ազգային օրհներգն ու ծածանվում է հայոց եռագույնը։ Այսօր, առավել քան երբևէ, հայ ժողովուրդն ունի այս հաղթանակների կարիքն ու անհրաժեշտությունը։ Հենց այս հաղթանակներով ենք մենք ամբողջ աշխարհին ապացուցելու, որ հայի կամքն ու ուժն անսասան են, իսկ հաղթանակների նվաճումը՝ շարունակական։
Առաջիկա շաբաթը մարզաշխարհի համար հագեցած է լինելու, և մենք դեռ բազմաթիվ մեդալների ակնկալիք ունենք մեր մարզիկներից։ Հաջողություն եմ մաղթում դեռ մրցապայքարի դուրս չեկած մեր մարզիկներին և հույս հայտնում, որ մենք դեռ բազմաթիվ անգամներ վայելելու ենք հաղթանակի բերկրանքը։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս․․․