Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Ռիոյում Հայաստանին հաղթանակ պարգևած հայ մարզիկներն ու նրանց մարզիչները խոշոր պարգևատրումներ են ստացել: 20 ամյա ընդմիջումից հետո Հայաստանին օլիմպիական ոսկի պարգևած Արթուր Ալեքսանյանին ՀԱՕԿ նախագահը նվիրել է Երևանի կենտրոնում գտնվող ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ 300 քառակուսի մետր ունեցող բնակարան: Իր խոստմանը հավատարիմ ՀԱՕԿ նախագահը Ռիոյում անարդարության պատճառով ոսկուց զրկված Միհրան Հարությունյանին նույնպես պարգեւատրել է որպես չեմպիոն ՝ նրան ևս նվիրելով մեկ միլիոն դոլար արժողությամբ բնակարան: Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը նույնպես արժանացել են խոշոր պարգևների: Սիմոն Մարտիրոսյանն արժանացել է 30 միլիոն դրամի, Իսկ Գոռ Մինասյանին Գագիկ Ծառուկյանը նվիրել է 4 սենյականոց բնակարան Գյումրիում և 30 միլիոն դրամ: ՀԱՕԿ նախագահը բնակարան է նվիրել նաև ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, իսկ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն արժանացել են 10-ական միլոն դրամ պարգևի: 5-ական միլիոն դրամ պարգև էլ ստացել են մեր մյուս օլիմպիական հերոսների անձնական մարզիչները: