Հայաստանի և Արցախի սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրով շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Վերջին մի քանի տարիներին մեր երկրին բաժին հասած դժվարությունները՝ 44-օրյա պատերազմը, ներքաղաքական վայրիվերումները, ստեղծել են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը ես տեսնում եմ բացառապես մեր բոլորիս միասնական աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի դրսևորման մեջ։
Այո՛, մեր երկիրն այսօր կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, բայց դրանք հնարավոր է հաղթահարել ամենօրյա աշխատանքով ու հայրենիքի բարեկեցությանն ուղղված նվիրումով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ ու տնտեսության զարգացմամբ։
Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում և շարժվում եմ հենց այդ ուղղությամբ։
Այսօր էլ, դժվարին այս պայմաններում, ես շարունակում եմ կառուցել, աշխատատեղեր ստեղծել ու կոչ եմ անում մեզ բոլորիս միասնաբար լծվել հայրենիքի շենացման գործին։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել արդեն շուրջ 4 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր անգամ ծանրագույն այս իրավիճակում շարունակում են կառչած մնալ իրենց հող ու ջրին, աշխատում են ու չեն հուսահատվում, պայքարում են իրենց պատմական հայրենիքում ապրելու սրբազան իրավունքի համար։
Այնպես որ, ևս մեկ անգամ շնորհավորելով ստեղծարար ու տաղանդավոր հայ ժողովրդին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ բոլորիս ազգանվեր աշխատանքով կառուցվող հայրենիքը լինի ապահով ու բարգավաճող։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…