Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում ընտանեկան ջերմություն ու արևշատություն:
Տոնական այս օրն ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել ու երախտիքի խոսքս ուղղել մեր բոլոր հերոսածին մայրերին, որոնք մայրական սիրո հետ մեկտեղ իրենց զավակներին են փոխանցել սերն առ հայրենիք, և հենց այս գիտակցությամբ էլ Եռաբլուրում այսօր հանգչած մեր հերոսները իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի:
Հավերժ փա՛ռք ու հիշատա՛կ…
Ուզում եմ նաև հատուկ շնորհավորել շուրջ երեք ամիս շրջափակված Արցախում գտնվող մեր մայրերին ու քույրերին, ովքեր առանց հուսալքվելու շարունակում են պայքարել իրենց հողում ապրելու սրբազան իրավունքի համար՝ ընտանիք են ձևավորում, զավակներ ունենում: Դո՛ւք արժանի եք անվերապահ հարգանքի:
Սիրելի՛ հայ կանայք, Մարտի 8-ը մեզ համար լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ձեզ կարևորելու ու երախտագիտություն հայտնելու համար, ասելու, որ հանուն ձեզ մենք պատրաստ ենք անելու շատ ավելին։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…