Ավելի քան 40 միլիոն դոլարի ներդրում, 200 նոր աշխատատեղ. Երևանի կենտրոնում կառուցված «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրն պատրաստ է հյուրընկալել առողջ կենսակերպին հետևող ու կատարյալին ձգտող բոլոր մարդկանց: Բացման հանդիսավոր արարողությանը երեկ ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, գործարարներ: Հանրապետության նախագահը Գագիկ Ծառուկյանի և հյուրերի հետ շրջել է նորաբաց համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առաջարկվող ծառայություններին: Ավելի քան 10.000 քառակուսի մետր զբաղեցնող կառույցն, իր մասշտաբներով, համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների ամենավերջին սերնդի սարքավորումներով, բարձր որակավորում ունեցող մասնագետների մշակած հատուկ ծրագրերով եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում: «Մուլտի Վելնեսն» առաջարկում է առողջ ապրելակերպի ամբողջական ծառայություններ՝ երեք բաղադրիչների յուրօրինակ համադրությամբ. մարզումների նորարարական ծրագրեր, մարմնի կատարյալ խնամք, ճիշտ և օգտակար սնունդ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը նշել է, որ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող համալիրը կառուցել է ժողովրդի համար: