Ցանկացած ՀՀ քաղաքացի, այդ թվում և Գագիկ Ծառուկյանը, իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ և ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին:
«ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ ցանացած մարդ՝ ՀՀ քաղաքացի, ով դատարանի դատավճռով պատժված չէ և այդ պահին չի կրում պատիժ, իրավունք ունի ընտրություններին մասնակցելու, քաղաքական կուսակցություն ստեղծելու, ընտրական պայքարին մասնակցելու, ընտրելու, ընտրվելու: Այսինքն՝ դա բացառապես Գագիկ Ծառուկյանի իրավունքն է և նա ինքը պետք է որոշի՝ վերադառնալ մեծ քաղաքականություն, թե՝ ոչ»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով նաև, որ Գագիկ Ծառուկյանն, իրականում, քաղաքականությունից դուրս չի էլ եկել, հետևաբար՝ ասել, թե նա այսօր հեռացել է մեծ քաղաքականությունից, տեղին չէ.«Գագիկ Ծառուկյանը, լինելով ԱԺ պատգամավոր՝ ուզի, թե չուզի, արդեն քաղաքական գործիչ է և քաղաքականության մեջ է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե մեծ քաղաքականություն ասելով, մարդիկ այսօր ինչն են պատկերացնում, բայց Գագիկ Ծառուկյանն այսօր կոնկրետ այն անձն է, որը քաղաքական դաշտում ունի բավականին լուրջ վարկանիշ, ով կարող է նույնիսկ առանց որևէ կուսակցության անդամակցելու մասնակցել ընտրություններին. «Եթե նա նույնիսկ ստեղծի առանձին որևէ կուսակցություն, նա կարող է ընտրվել, քանի որ նրա անձնական վարկանիշն այնքան բարձր է, որ այն կուսակցությունը, որը ստեղծվում կամ ստեղծվել է՝ նրա վարկանիշի հաշվին կարող է ընտրվել, կամ իր վարկանիշը բարձրացնել ու հավասարեցնել Գագիկ Ծառուկյանի վարկանիշին»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը, հավելելով նաև, որ Գագիկ Ծառուկյանն այն անձանցից մեկն է, ով իսկապես բավականին լուրջ հնարավորություններ ունի:
Lurer.com