Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում թուհուբոհը գնալով ավելի է թեժանում: Քաղաքական ամենատարբեր կուսակցություններն Ազգային Ժողովում իրենց տեղերն ամրագրելու համար ակտիվորեն մասնակցում են դաշինքաստեղծ գործընացների:
«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով նախընտրական շրջանում տիրող աժիոտաժին, նշեց, որ այս իրավիճակը ստեղծվել է սահմանադրությամբ սահմանված պարտադրանքով, երբ կուսակցությունների գաղափարները շատ հաճախ իրենց տեղը զիջում են ֆինանսական կարողություններին, և այդ կուսակցությունները՝ նոր կամ հին՝ անկախ իրենց գաղափարախոսություններից, փորձելու են ամեն ինչ անել արևի տակ իրենց տեղը գտնելու համար:
Դիտարկմանը, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբվողների թիվը գնալով ավելանում է և, կարծես թե, Ծառուկյանն այս մրցարշավում միանձնյա առաջատար է դառնում, Հակոբ Ավետիքյանն արձագանքեց. «Եվ դա բնական է: Կա մի բան, որ չեմ կարող չասել. այդ մարդը վայելում է ազգաբնակչության մի կարևոր մասի համակրանքը և նա այն անձն է, ով ցույց է տվել, որ կարողանում է չփոշիացնել ժողովրդի վստահությունն ու համակրանքը»:
Ըստ մեր զրուցակցի՝ հայ հասարակությանը շատ համապատասխան և հոգեհարազատ է Գագիկ Ծառուկյանի մարդ տեսակը և այն, որ նա նա մշտապես իրեն մոտ է պահել հանրությանը՝ պարզագույն ձևով խոսելով մարդկանց հետ. «ՄԵր հասարակության վիճակի հետ համահունչ են Գագիկ Ծառուկյանի այս որակները, և այստեղ ավելանում են նաև նրա ֆինանսական այն ռեսուրսները, որոնցով նա մշտապես օգնել է ժողովրդին»,-ասաց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը՝ հավելելով, որ ԲՀԿ նախկին առաջնորդի շուրջ համախմբվողների թիվը դեռ կավելանա:
Հակոբ Ավետիքյանի համոզմամբ՝ միայն Գագիկ Ծառուկյանը կարող է օգնել կարիքավորներին. «Ըստ պաշտոնական թվերի՝ անապահովների և զրկյալների թիվը Հայաստանում մեծ թիվ է կազմում: Այդ հատվածը չարացած է ՀՀԿ վրա, և այդ կուսակցությունն ու Սերժ Սարգսյանն ինչ էլ անեն՝ չեն կարող այդ մարդկանց ձայներին հասնել: Այս պարագայում հենց Գագիկ Ծառուկյանն է, ով կարող է հասնել այդ զրկյալներին և կարիքավորներին, քանի որ այդ ուժը նա արդեն ցույց է տվել»:
Lurer.com