Գագիկ Ծառուկյանը հաստատ պետք է Հայաստանի քաղաքական լանդշաֆտին

Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այն անհատն է, որը հաստատ երկրի քաղաքական լանդշաֆտին պետք է: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, որը 2015-ի փետրվարին քաղաքականությունից Ծառուկյանի հեռանալուց հետո կուսակցության շարքերը լքել էր:
Պատգամավորն այնուհետեւ շարունակեց՝ ասելով, որ Գագիկ Ծառուկյանը խարիզմա ունի, «վերջապես՝ նրան որպես անհատականություն են սիրում»: «Չեմ կարծում, որ նա քաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն կունենա, բայց նա ազդեցության իր ոլորտն ունի: Մեր հայրենիքը մեծ սիմֆոնիկ նվագախմբի է նման, որտեղ տարբեր կատարողներ կան: Թող ոչ ոք մտքով չանցկացնի, որ սիմֆոնիկ նվագախմբում ամենափոքր գործիքով երաժիշտը կարեւորություն չունի»,- ասաց Արագած Ախոյանը՝ հավելելով, որ երբ Ծառուկյանը հեռացավ, երեւան եկան տարբեր նորաթուխ քաղաքական ուժեր, որոնք փորձեցին լրացնել թվացյալ թափուր տեղը: «Բայց հիմա, կարծում եմ, դարձյալ վերադասավորումներ կլինեն, քանի որ ընտրազանգված կա, որը Ծառուկյանի հետեւից է գնում: Այսօր այդ թվացյալ բաց տարածությունը կվերաձեւավորվի, իսկ նորաթուխ խաղացողների մոտ բազմաթիվ խնդիրներ կառաջանան»,- ամփոփեց Արագած Ախոյանը:

News.am