«Գագիկ Ծառուկյանն այն անձն է, որ կարող է միավորել ընդդիմությանը»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի խոսքերով, 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին, ընդդիմությունը պետք  է գնա խոշոր դաշինքներով։ «Եթե ընդդիմությունը համախմբվի եւ գնա միասնական ցուցակով, ապա տեղի է ունենալու իշխանափոխություն, քանի որ իշխանությունը հասկանում է, որ որքան էլ իրենք թվերի հետ խաղան, միեւնույն է չեն կարող ցույց տալ 50 տոկոս + 1 ձայն։ Այսինքն, ընդդիմությունը կհավաքի 50 տոկոսից ավելի ձայն եւ կձեւավորի իշխանություն։ Մինչդեռ ընդդիմության մեծ մասն այսօր զբաղված է այնպես անելով, որ այդ դաշինքները չկայանան»։

Ըստ նրա՝ այն ուժերը, որոնք չեն ուզում, որ լինեն մեծ դաշինքներ, խաղում են իշխանության խաղը եւ ակամա ջուր են լցնում իշխանության ջրաղացին։ «Այն ուժերը, որ չեն ուզում գնալ դաշինքով, նրանք իշխանության հետ մտնելու են առեւտրի մեջ, վերջում էլ մեղադրելու են ժողովրդին, որ իրենց ձայն չտվեց»։

Ընդդիմության միավորման գործում կուսակցության ղեկավարը կարեւոր է համարում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն։ Հենց այս անձի շուրջ է Արամ Հարությունյանը պատկերացնում ընդդիմության համախմբումը։  «2015 թ-ի փետրվարի 12 –ից առաջ Հայաստանում կար ուժեղ ընդդիմություն եւ իշխանությունները քաշվում էին այդ ընդդիմությունից։ Ժողովուրդը պատրաստ էր կանգնել ընդդիմության կողքին, և երբ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, ընդդիմությունը պառակտվեց»։

a1plus.am