Հայրենական սպորտի քառամյա ամփոփում

Գագիկ Ծառուկյանի համար հայրենական սպորտի զարգացումը մշտապես եղել և մնում է գերակա խնդիր:

2004թ-ից ստանձնելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկը՝ Գագիկ Ծառուկյանը սկսեց արմատական բարեփոխումներ իրականացնել բոլոր ուղղություններով:Կարճ ժամանակում հիմնանորոգվեցին տասնյակ մարզաբազաներ Երևանում և մարզերում: Հանրապետության ամբողջ տարածքում տարիներ առաջ մեկնարկած մարզադպրոցների վերանորոգման ու վերակառուցման համալիր ծրագիրը լայն թափով շարունակվում է մինչև այսօր:

Հրազդան և Սիսիան քաղաքներում միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզադպրոցների վերաշահագործմանը հաջորդում է Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարությունը, որն այսօր գրեթե ավարտին է մոտեցել: Ներքին հարդարման աշխատանքների իրականացումից հետո հանրապետության 2-րդ քաղաքը կունենա միանգամայն նոր ու միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող մարզաբազա: Գագիկ Ծառուկյանի խոստման համաձայն՝ այս տարի ամբողջությամբ կվերակառուցվի նաև այն մարզադպրոցը, որտեղ մարզվում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

ՀԱՕԿ նախագահի հովանավորությամբ շարունակվում է արդիականացվել նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Նպատակը մեկն է՝ անել առավելագույնը հայ տաղանդաշատ մարզիկներին բացահայտելու և հայոց եռագույնը միջազգային հեղինակավոր մրցահարթակներում պատվով ծածանելու համար:«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ անցկացվող մարզական միջոցառումները բազմաթիվ են:


Խոշորագույններից մեկը մեծ հաջողությամբ կյանքի կոչվեց 2013թ-ի ամռանը: Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը քաղաքամայր Երևանում մեծ շուքով ու հանդիսավորությամբ անցկացվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ մարզախաղերը, որի պատվավոր նախագահի տիտղոսը ստանձնեց ՀԱՕԿ ղեկավարն ինքը: Մեկ շաբաթ շարունակ 650-ից ավելի մարզիկներ աշխարհի 18 երկրներից իրենց ուժերը չափեցին 8 մարզաձևերում: Համահայկական այս միջոցառման գլխավոր նպատակը ոչ միայն մարզական, այլև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումն է, որում իր մեծ ավանդն ունեցավ Գագիկ Ծառուկյանը՝ խոստանալով, որ մշտապես աջակցելու է համահայկական հնչեղության ցանկացած գաղափարի իրականացմանը:

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում  2015 թ. սեպտեմբերի վերջին  շահագործման հանձնված շենքը՝ բացառապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով է կառուցված:Օլիմպավանը  օլիմպիական  մի հսկա մարզաբազա է, իր մոտ 7500 քմ. մակերեսով։ Մարզաբազան պատրաստ է իր հարկի տակ ընդունել  ավելի քան 350 մարդու, ապահովված  է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով: Այստեղ մարզվելու են հավաքական թիմեր։

2014 թվականին Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ ՄՕԿ և ԵՕԿ նախագահների Օլիմպիական ավանի շինհրապարակ կատարած շրջայցի ժամանակ Միգազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ Օլիմպիական ավանի նման մարզաբազաները աշխարհում եզակի են:

Ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի, խաղային մարզադահլիճներով և ջրային մարզաձևերի լողավազանով, սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոններով է հագեցած օլիմպիական ավանը: Իսկ Օլիմպիավանի բարձրակարգ հյուրանոցային մասնաշենքը կարող է հյուրընկալել մոտ 350 մարզիկի: Բացի մասնագիտացված մարզադահլիճներից, մարզական օլիմպում գործելու են նաև բացօթյա մարզահրապարակներ և խաղահրապարակներ,կա նաև հանգստյան գոտի։

Մեր մարզիկներն արդեն համոզվել են, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեդալներով հայրենիք վերադառնալու դեպքում ՀԱՕԿ նախագահը ըստ արժանվույն կգնահատի իրենց նվաճումը: Մեր դափնեկիր մարզիկները Գագիկ Ծառուկյանի կողմից դրամական խոշոր պարգևների են արժանանում: Իսկ ահա աշխարհի չեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Գագիկ Ծառուկյանի կողմից Երևանում բնակարաններ են նվեր ստացել:

  

Իրականում սա ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական է, այլև նորանոր բարձունքների ձգտելու լրացուցիչ խթան մեր մարզիկների համար: