Գյումրու վերածնունդն ու զարգացումը եղել և մնում է կարևորագույն խնդիրներից մեկը

  • ԳՅՈՒՄՐԻ
    «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծրագրերին: Հանրապետության 2-րդ քաղաքի՝ Գյումրու վերածնունդն ու զարգացումը մշտապես եղել և մնում է հիմնադրամի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը: Անցած տարիների ընթացքում հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Գյումրիում լուծում են ստացել առաջնահերթ նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ:
    Հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակն ու երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցիների սոցիալական դժվարին պայմանները՝  Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը խոշորածավալ ծրագրեր է իրականցրել ժամանակավոր կացարաններում բնակվող  գյումրեցի ընտանիքներին: Ընդլայնելով Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված աջակցությունը՝ հիմնադրամը 2012 թվականին 10-ը միավոր գյուղտեխնիկա և 10-ը աղբատար մեքենա է նվիրաբերել քաղաքին, որոնք մինչև այսօր էլ մեծ հաջողությամբ ծառայում են ինչպես բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, այնպես էլ քաղաքի բարեկարգմանը: Հիմնադրամի հատկացրած 15 միլիոն դրամի շնորհիվ բարեկարգվել և կանաչապատվել է նաև տասնամյակներ շարունակ անմխիթար  վիճակում գտնվող Գյումրու  Յոթ Վերք եկեղեցու հարակից տարածքը:

    Հանրապետության 2-րդ քաղաքի հանդեպ աջակցությունն այսքանով չի սահմանափակվում: Այս տարիներին հիմնադրամի ֆինանսավորմամբ լայն թափով շարունակվում է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարությունը: Դեռ 2011 թվականին կրթօջախի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Գյումրի կատարած այցելության ընթացքում Գագիկ Ծառուկյանն անտարբեր չէր մնացել կրթօջախի անմխիթար պայմանների հանդեպ՝ խոստանալով, որ կարճ ժամանակ անց խարխլված փայտաշեն կառույցներին փոխարինելու է ժամանակակից սարքավորումներով համալրված, միանգամայն նոր մարզաբազա: Այսօր արդեն կառույցի շինարարության մեծ մասն  արված է: Հերթը ներքին հարդարման աշխատանքներինն է: 


    Չեմպիոնների դարբնոց համարվող Գյումրին շուտով միանգամայն նոր ու միջազգային  չափորոշիչներին համապատասխանող բարձրակարգ մարզաբազա կունենա: Գագիկ Ծառուկյանի առաջարկով քոլեջի մարզադահլիճները կկրեն գյումրեցի անվանի մարզիկների անունները: Գյումրիում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող մարզադպրոցների կառուցումն ու վերանորոգումը այսքանով չի ավարտվելու: Ինչպես խոստացել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այս տարի ամբողջությամբ վերակառուցվելու է նաև այն մարզադպրոցը, որտեղ մարզվում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: