ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղյակ չէ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում եղե՞լ է, թե՝ ոչ, բայց հայտարարում է, որ Ծառուկյանը «ձեռքերը ծալած նստել չի կարող»:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը:
Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մամուլում հրապարակված տեղեկությունը, ըստ որի Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ վերջինիս առանձնատանը: Երեկ՝ Ազատության հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը կարծես թե որոշ փակագծեր էր բացել՝ ասելով, որ «պետք է ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվել`անձնականը մի կողմ դնելով»: Հիշեցնենք, ըստ մամուլի, Սարգսյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, թե խաղեր տալու ժամանակը չէ, երկիրը ծանր վիճակում է, պետք է կպնենք իրար: Երբ Մելքումյանին հարցրեցինք, թե ինչ կապ ունի Սարգսյանի ասածը Ծառուկյանի վերջին հայտարարության հետ, պատգամավորը հայտարարեց, որ Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին տեղեկությունը «հիպոթետիկ» ժանրից է:
«Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանի ասած մտքերին համախմբվելու վերաբերյալ, ինքն իր հստակ դիրքորոշումն ասում է, որ երկրի համար ծանր ժամանակներ են, տնտեսական ծանր վիճակ ունենք, Արցախի խնդիր, եւ իր կալիբրի մարդը, որը մեծ վաստակ ունի երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում, ձեռքերը ծալած չի կարող նստել»,- ասաց Մելքումյանը: Պատգամավորի կարծիքով, Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն հանրային կյանքի համար կենսական անհրաժեշտություն է. «Որովհետեւ նրա բացակայությամբ դատարկ մասը չլցվեց ոչ իշխանական ուժերի կողմից»,-ասաց նա՝ կոչ անելով սպասել Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում Ծառուկյանի վերադարձի կոչեր հնչեցին, ապա նիստի մասնակիցները նույն կոչերը հնչեցրին Ծառուկյանի առանձնատան մոտ: Ծառուկյանը ԲՀԿ-ականներից ժամանակ խնդրեց՝ ասելով, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա:
Armtimes.com