Անվճար բուժզննումից մինչև խորհրդատվություն և ոչ միայն

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը գործունեության առաջին իսկ տարիներից մեծ կարևորություն է տվել մեր բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին: Հաջողությամբ իրականացված մեծամասշտաբ ծրագրերից մեկը հանրապետության ամբողջ տարածքում տարիներ շարունակ անցկացված անվճար առողջապահական ակցիան է: Քաղաքամայր Երևանում և Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ շրջաններում բնակվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ հիմնադրամի աջակցությամբ տևական ժամանակ հնարավորություն են ունեցել վերականգնելու ամենաթանկը՝ առողջությունը:

Անվճար բուժզննումից մինչև խորհրդատվություն և ոչ միայն. առողջական առավել  լուրջ  խնդիրներ ունեցող հազարավոր քաղաքացիներ  ուղեգրվել են քաղաքամայր Երևան, որտեղ Էրեբունի բժշկական կենտրոնի լավագույն մասնագետների օգնությամբ կարողացել են լիարժեք բուժում ստանալ,  իսկ հարկ եղած դեպքում՝ նաև անվճար վիրահատվել:  Հիմնադրամի ուշադրությունից չեն վրիպել նաև քաղաքամայր Երևանի բնակիչները:

Տարիներ շարունակ անվճար առողջապահական ակցիա է անցկացվել քաղաքի բոլոր վարչական շրջանների բնակիչների համար, որոնց գերակշիռ մասը  հիմնադրամի աջակցության շնորհիվ կարողացել է վերականգնել կորցրած առողջությունը:  Ինչպես հանրապետության բոլոր մարզերում, այնպես էլ Երևանում տեսողական խնդիրներ ունեցող հազարավոր քաղաքացիներ մի քանի տարի շարունակ համապատասխան ախտորոշում ստանալուց հետո անվճար օպտիկական ակնոցներ են ստացել:

Սոցիալապես անապահով ընտանիքներ, հասարակության խոցելի խմբեր  

Գործունեության 15 տարիների ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հետևողական աջակցություն է ցուցաբերում հանրության ամենատարբեր շերտերին՝ իր ուշադրության առանցքում պահելով հատկապես մեր ազգաբնակչության խոցելի խմբերին`  տարեցներ, թոշակառուներ, մանկատան սաներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձի:
 
Հիմնադրամն անցած տարիներին զգալի օժանդակություն է ցուցաբերել  նրանցից շատերին՝ զբաղվածության խնդրից մինչև ուսման վարձավճարներ, անվճար բուժօգնությունից ու վիրահատություններից մինչև ֆինանսական լուծում պահանջող ամենատարբեր հարցեր:  Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայրենական Մեծ պատերազմի բազմաթիվ վետերաններ հիմնադրամի կողմից թոշակների են արժանանում: Հիմնադրամի օգնությամբ լուծում են գտնում նաև մեր երկրի սոցիալապես անապահով ընտանիքերին մտահոգող բազմաթիվ հրատապ խնդիրներ: Իսկ հիմնադրամի միջոցներով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող բարեգործական անվճար երթուղին արդեն շուրջ 15 տարի հնարավորություն է ընձեռում մարզի հազարավոր բնակիչներին անվճար հասնելու քաղաքամայր Երևան: