Տարվա լավագույն մարզիկների պարգևատրման և մեծարման արարողություն

Փարավոն ժամանցի կենտրոնում կայացել է Հայաստանի  տարվա լավագույն մարզիկների պարգևատրման  ու մեծարման արարողությունը, որին մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը , Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեխ Ահմադ Ալ ֆահադ Ալ Սաբահը և բարձրաստիճան այլ հյուրեր:  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի լավագույն մարզիկներին  պարգևատրել  է թանկարժեք ավտոմեքենաներով: Հայ մարզիկներին  դրամական պետական պարգևներ է հանձնել նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:  Այս տարի 10 լավագույնների թվում ընդգրկվել են  օլիմպիական չեմպիոն  Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական փոխչեմպիոններ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Եվրոպայի չեմպիոններ Հարություն Մերդինյանը, Նազիկ Ավդալյանը, Անդրանիկ Կարապետյանը , Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարշամ Բորանյանը և Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը: Տեղեկացնենք, որ  2016-ը անկախ Հայաստանի համար մարզական առումով ամենահաջողվածն էր: Վերջապես 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը նվաճեց այդքան ցանկալի օլիմպիական ոսկե մեդալ, իսկ ընդհանուր առմամբ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից,  նաև օլիմպիական խաղերից հայ մարզիկները Հայաստան են բերել  174 մեդալ, որոնցից 57 ոսկե, 53 արծաթե և 64 բրոնզե: Սա ավելի քան 30 մեդալով ավելին է քան 2015 թվականի մեր նվաճումները :