Շնորհավորական ուղերձ Անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում ենք համայն հայությանը Անկախության 31-ամյակի առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետականության օգտին:
Անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում պատմական մեծագույն ձեռքբերումներից է, հայ մարդու ինքնության յուրակերպ դրսևորում, ազատ ապրելու և ստեղծագործելու բարձրագույն մղում:
Ամբողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը միշտ էլ խորապես գիտակցել է, որ ամենամեծ արժեքն Անկախությունն է: Անկախության ձգտումը մեզ ուղեկցել է մեր պատմության ամբողջ ընթացքում՝ պայքարի ոգեկեչելով հազարավոր երիտասարդների:
Խոնարհվում ենք Արցախյան առաջին, Քառօրյա, 44 օրյա պատերազների, հայրենքի պաշտպանությանը զինվորագրված հազարավոր նվիրյալ հայորդիների, մարտնչած հերոսների առջև: Վերջին օրերին նույնպես հարյուրավոր հայորդիներ նահատակվեցին՝ հանուն Հայաստանի, նրա անկախության, մեզանից յուրաքանչյուրի անհատական ու բոլորիս հավաքական արժանապատվության:
Նրանց անձնազոհության արդյունքն է անկախ Հայաստանը: Հազար փա՛ռք մեր հերոս նահատակներին:
Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ամրապնդել և ուժեղացնել Հայաստանը, նրա անկախությունը:
Մեզանից յուրաքանչյուրի շնորհիվ է կերտվում Հայաստանի այսօրվա պատմությունը, ու միայն մեր միասնության շնորհիվ Հայաստանը կարող ենք դուրս բերել այս ծանր իրավիճակից:
Անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում ենք խաղաղություն և կայուն ձեռքբերումներ, տնտեսության զարգացում ու բարգավաճում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս ․ ․ ․