Ծառուկյանի վերադարձի պահանջով ստորագրահավաքի անհրաժեշտություն չկա. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար, գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը առայժմ չի հստակեցնում ՝ քաղաքականություն վերադառնալու է, թե ոչ։ Ավելի վաղ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրեն պետք է խնդրեն, որ վերադառնա մեծ քաղաքականություն։

Մամուլում այս օրերին հրապարակումներ եղան այն մասին, որ փողոցներում սկսվել է ստորագրահավաք՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի պահանջով։

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մինչդեռ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման ստորագրահավաքի անհրաժեշտություն չկա, քանի որ Ծառուկյանի վերադարձը համաժողովրդական պահանջ է. «Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, մեկ բան հստակ կարող եմ ասել՝ որևէ ստորագրահավաքի անհրաժեշտություն չկա, դա ժողովրդի պահանջն է։ Մեր կուսակցություն ամեն օր տասնյակ քաղաքացիներ են դիմում՝ պահանջելով նրա վերադարձը։ Եվ հենց այդ պահանջն էլ կարող եք ստորագրություն համարել»,- ասաց Ն. Զոհրաբյանը։

Հետաքրքրվեցինք, փաստորեն փողոցներում այս օրերին անցկացվող ստորագրահավաքը շարքային ԲՀԿ-ականնե՞րը չեն կազմակերպել. «Ես չեմ բացառում, որ մեր տարածքային կառույցներից որոշները նման նախաձեռնություն ունենան, բայց ես կրկնում եմ որևէ ստորագրահավաքի անհրաժեշտություն չկա։ Առանց ստորագրահավաքի էլ ակնհայտ է, որ այսօր թիվ մեկ պահանջված քաղաքական գործիչը Գագիկ Ծառուկյանն է»։

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ օրակարգով է լինելու նիստը. «Մեր քաղխորհրդի նիստն է, սովորական նիստ է, որի ժամանակ մենք քննարկելու ենք ներկուսակցական, ներկազմակերպչական հարցեր»։
Հարցին, թե կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ կապված հարցեր քննարկվելո՞ւ են, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Քաղխորհրդի նիստը մեզ մոտ ազատ քննարկումների հարթակ է։ Բացի քաղխորհրդի անդամներից մասնակցելու են մեր կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչները, և ես այս պահին չեմ կարող կանխատեսել, թե մեր քաղխորհրդի անդամներից կամ մյուսներից որևէ մեկը ինչ խնդիր կբարձրացնի և ինչի շուրջ կխոսի։ Քաղխորհրդի նիստերը, ինչպես յուրաքանչյուր ներքին ժողովրդավարություն ուենցող կուսակցություններում լինում են բաց քննարկումների հարթակներ, որի ժամանակ քննարկվում է ցանկացած հարց»։

1in.am