Ալեքսանդր Մարկարով. Գագիկ Ծառուկյանը մեծ դերակատարում կունենա

Այն, որ հայաստանյան քաղաքական դաշտում նախընտրական դաշինքների ձեւավորման փուլ է, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նորմալ է համարում եւ տրամաբանական շարունակությունը`սահմանադրական փոփոխություններով քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով ներքաղաքական վերադասավորումների մասին, քաղաքագետն ասաց, որ կուսակցությունները լավ են ուսումնասիրել իրենց կարողություններն ու ներուժը, ուստի, նախընտրություն են տալիս ընտրապայքար մտնել դաշինքներով: Ներկայումս ձեւավորվող դաշինքների կյանքը, ըստ բանախոսի, կախված է նրանից, թե ի՞նչ հիմքով են միավորվում: Եթե գաղափարական հենք կա, ապա տվյալ դաշինքը երկար կգոյատեւի, հակառակ պարագայում շատ արագ կլուծարվի: Ընդդիմադիր դաշտում քաղաքագետը տեսնում է քաղաքական ուժեր, որոնք հաղթելու կամ բավական մեծ քանակությամբ ձայներ հավաքելու ներուժ ունեն: Բայց, ըստ նրա, կան նաեւ ուժեր, որոնք ավելի մեծ աղմուկ են հանում, քան իրենց հնարավորությունն է: ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ, ըստ Ալեքսանդր Մարկարովի, փոխեց այն ներուժը, որն ունի ԲՀԿ-ն: Նա կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը մեծ դերակատարություն կարող է ունենալ քաղաքական դաշտում եւ առաջիկա ընտրական գործընթացներում` շնորհիվ անձնական եւ կազմակերպչական ռեսուրսների, որոնք նա ունի: «Բարգավաճ Հայաստանը» Գագիկ Ծառուկյանի հետ ու առանց նրա, 2 քաղաքական տարբեր կշիռ ունեցող քաղաքական ուժ է: Այսօր դաշինքը գնում է որոշակի ռեբրենդինգի, երբ կա անունը, և դրա շուրջ արդեն ձևավորվելու է միավորումը»,- ասաց քաղաքագետը: Նրա համոզմամբ, ԲՀԿ-ն հնարավորություն ունի ստանալ առկա բողոքական ընտրազանգվածի ձայները: Բայց դրա վրա մեծ ազդեցություն է ունենալու այն հանգամանքը, թե ովքե՞ր կլինեն «Ծառուկյան» դաշինքում. «Միգուցե, նրանք կներառեն որոշ ընդդիմադիր ուժերի, գործիչների, ովքեր, իհարկե, հասկանում են, որ առանձին չեն կարող մուտք ունենալ հաջորդ գումարման Ազգային ժողով: Այստեղ ի հայտ է գալու տվյալ խնդիրը, որը միշտ կա հայկական իրականության մեջ, թե արդյոք այս դաշինքը ծրագրային է, թե ոչ»: 

Aravot.am