- ԳՅՈՒՄՐԻ
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծրագրերին: Հանրապետության 2-րդ քաղաքի՝ Գյումրու վերածնունդն ու զարգացումը մշտապես եղել և մնում է հիմնադրամի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը: Անցած տարիների ընթացքում հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Գյումրիում լուծում են ստացել առաջնահերթ նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ:
Հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակն ու երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցիների սոցիալական դժվարին պայմանները՝ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը խոշորածավալ ծրագրեր է իրականցրել ժամանակավոր կացարաններում բնակվող գյումրեցի ընտանիքներին: Ընդլայնելով Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված աջակցությունը՝ հիմնադրամը 2012 թվականին 10-ը միավոր գյուղտեխնիկա և 10-ը աղբատար մեքենա է նվիրաբերել քաղաքին, որոնք մինչև այսօր էլ մեծ հաջողությամբ ծառայում են ինչպես բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, այնպես էլ քաղաքի բարեկարգմանը: Հիմնադրամի հատկացրած 15 միլիոն դրամի շնորհիվ բարեկարգվել և կանաչապատվել է նաև տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող Գյումրու Յոթ Վերք եկեղեցու հարակից տարածքը:Հանրապետության 2-րդ քաղաքի հանդեպ աջակցությունն այսքանով չի սահմանափակվում: Այս տարիներին հիմնադրամի ֆինանսավորմամբ լայն թափով շարունակվում է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարությունը: Դեռ 2011 թվականին կրթօջախի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Գյումրի կատարած այցելության ընթացքում Գագիկ Ծառուկյանն անտարբեր չէր մնացել կրթօջախի անմխիթար պայմանների հանդեպ՝ խոստանալով, որ կարճ ժամանակ անց խարխլված փայտաշեն կառույցներին փոխարինելու է ժամանակակից սարքավորումներով համալրված, միանգամայն նոր մարզաբազա: Այսօր արդեն կառույցի շինարարության մեծ մասն արված է: Հերթը ներքին հարդարման աշխատանքներինն է:
Չեմպիոնների դարբնոց համարվող Գյումրին շուտով միանգամայն նոր ու միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրակարգ մարզաբազա կունենա: Գագիկ Ծառուկյանի առաջարկով քոլեջի մարզադահլիճները կկրեն գյումրեցի անվանի մարզիկների անունները: Գյումրիում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող մարզադպրոցների կառուցումն ու վերանորոգումը այսքանով չի ավարտվելու: Ինչպես խոստացել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այս տարի ամբողջությամբ վերակառուցվելու է նաև այն մարզադպրոցը, որտեղ մարզվում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: