«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը գործունեության առաջին իսկ տարիներից մեծ կարևորություն է տվել մեր բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին: Հաջողությամբ իրականացված մեծամասշտաբ ծրագրերից մեկը հանրապետության ամբողջ տարածքում տարիներ շարունակ անցկացված անվճար առողջապահական ակցիան է: Քաղաքամայր Երևանում և Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ շրջաններում բնակվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ հիմնադրամի աջակցությամբ տևական ժամանակ հնարավորություն են ունեցել վերականգնելու ամենաթանկը՝ առողջությունը:
Անվճար բուժզննումից մինչև խորհրդատվություն և ոչ միայն. առողջական առավել լուրջ խնդիրներ ունեցող հազարավոր քաղաքացիներ ուղեգրվել են քաղաքամայր Երևան, որտեղ Էրեբունի բժշկական կենտրոնի լավագույն մասնագետների օգնությամբ կարողացել են լիարժեք բուժում ստանալ, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև անվճար վիրահատվել: Հիմնադրամի ուշադրությունից չեն վրիպել նաև քաղաքամայր Երևանի բնակիչները:
Տարիներ շարունակ անվճար առողջապահական ակցիա է անցկացվել քաղաքի բոլոր վարչական շրջանների բնակիչների համար, որոնց գերակշիռ մասը հիմնադրամի աջակցության շնորհիվ կարողացել է վերականգնել կորցրած առողջությունը: Ինչպես հանրապետության բոլոր մարզերում, այնպես էլ Երևանում տեսողական խնդիրներ ունեցող հազարավոր քաղաքացիներ մի քանի տարի շարունակ համապատասխան ախտորոշում ստանալուց հետո անվճար օպտիկական ակնոցներ են ստացել:
Սոցիալապես անապահով ընտանիքներ, հասարակության խոցելի խմբեր
Գործունեության 15 տարիների ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հետևողական աջակցություն է ցուցաբերում հանրության ամենատարբեր շերտերին՝ իր ուշադրության առանցքում պահելով հատկապես մեր ազգաբնակչության խոցելի խմբերին` տարեցներ, թոշակառուներ, մանկատան սաներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձի:
Հիմնադրամն անցած տարիներին զգալի օժանդակություն է ցուցաբերել նրանցից շատերին՝ զբաղվածության խնդրից մինչև ուսման վարձավճարներ, անվճար բուժօգնությունից ու վիրահատություններից մինչև ֆինանսական լուծում պահանջող ամենատարբեր հարցեր: Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայրենական Մեծ պատերազմի բազմաթիվ վետերաններ հիմնադրամի կողմից թոշակների են արժանանում: Հիմնադրամի օգնությամբ լուծում են գտնում նաև մեր երկրի սոցիալապես անապահով ընտանիքերին մտահոգող բազմաթիվ հրատապ խնդիրներ: Իսկ հիմնադրամի միջոցներով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող բարեգործական անվճար երթուղին արդեն շուրջ 15 տարի հնարավորություն է ընձեռում մարզի հազարավոր բնակիչներին անվճար հասնելու քաղաքամայր Երևան: