135-ամյա հարուստ ու բեղմնավոր կենսագրություն ունեցող, աշխարհում մեծ համբավ ու ճանաչում վայելող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատն ընդլայնում է արտադրության ծավալներն ու տեխնիկական հզորությունը: Գործարանում կառուցվել է նոր մասնաշենք, որտեղ գործելու են լցման, հնեցման և կուպաժավորման արտադրամասեր: Դրանք բոլորը հագեցած են ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցեց նորաբաց մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, շրջեց մասնաշենքի բոլոր բաժիններում, ծանոթացավ կատարված աշխատանքին ու բարձր գնահատականի արժանացրեց: Մասնաշենքի բոլոր արտադրամասերը համալրված են ժամանակակից տեխնիկայով: Գագիկ Ծառուկյանն անձամբ հետևեց շշալցման ավտոմատացված, իտալական արտադրության ամենավերջին մոդելի նոր հոսքագծի խորհրդանշական գործարկմանը: «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը պարզապես արտադրությամբ զբաղվող գործարան չէ, սա պատմություն է, և այսօր այդ պատմությանը մի նոր էջ է ավելանում: Բոլորն են հիշում, թե տարիներ առաջ գործարանն ինչպիսի տեսք ուներ, սակայն տարիների համառ աշխատանքն ու ահռելի ներդրումները տվել են իրենց դրական պտուղները: Գործարանն այսօր լավագույնն է թե’ իր արտադրանքով ու ավանդույթներով, թե’ ստեղծած աշխատատեղերով ու վստահելի գործընկերների բանակով»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց կոմբինատի բոլոր աշխատակիցներին, համոզմունք հայտնեց, որ համատեղ աշխատանքի ու սրտացավության շնորհիվ դեռ բազմաթիվ ձեռքբերումներ են տոնելու: