Երևան են ժամանել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն ու ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն

Հոկտեմբերի 8-ին երկօրյա պաշտանական այցով Երևան են ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Բարձրաստիճան հյուրերին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու մեր օլիմպիական և աշխարհի չեմպիոնները՝  Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ: Թոմաս Բախն ու Պատրիկ Հիկեն օդանավակայանից ուղևորվել են Հայաստանի հանրապետության նախագահի նստավայր, որտեղ բարձրաստիճան հյուրերին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանիպումից հետո համաշխարհային սպորտի ղեկավարների պատվին Գագիկ Ծառուկյանի անունից պաշտոնական ընթրիք է տրվել, որին ներկա է գտնվել Հայաստանի ամբողջ մարզաշխարհը: Երեկոյի ընթացքում բարձրաստիճան հյուրերը տեսաֆիլմի միջոցով ծանոթացել են վերջին տասնամյակում Հայաստանի մարզաշխարհում կատարված և կատարվող բարեփոխումներին: Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքն, ի նպաստ սպորտի, չի վրիպել միջազգային կառույցների ուշադրությունից: Սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գագիկ Ծառուկյանը միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից բարձրագույն պարգևների է արժանացել: