«Տո՛ւր նրան, ով քեզանից խնդրում է, և ով կամենում է քեզանից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»: Հետևել Տիրոջ պատգամներին ու հնարավորինս օգնել մարդկանց՝ այս է ճշմարիտ քրիստոնյայի նպատակն ու ճանապարհը` մոտենալու Աստծուն:
Ծառուկյան ընտանիքը, թերևս, իր առաքինի վարքով ու գթասրտությամբ էր, որ արժանացավ Ամենազոր Բարձրյալի բարեհաճությանն ու Նրա օրհնությամբ հայրենիքում սկսեց եկեղեցաշեն գործունեությունը: Ծառուկյան ընտանիքը վերջին 15 տարիների ընթացքում մեր հայրենիքում վերակառուցել ու կառուցել է 7 եկեղեցիներ:
Առինջի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին առաջինն էր, որ շունչ առավ Ծառուկյան ընտանիքի բնարերարությամբ: Եկեղեցին, որ կառուցվել է մոտ 15 տարի առաջ, իշխող դիրք ունի համայնքի նկատմամբ: Թվում է՝ Սուրբ Կույսը եկեղեցու բարձունքից զորավոր թևերի տակ է առել ամբողջ Առինջն ու իր վրա վերցրել համայնքի բնակիչների պաշտպանությունը: Ծառուկյան ընտանիքը կառույցի տեղն ու դիրքը հենց այնպես չի ընտրել: Եկեղեցու բարձրությունից տեսանելի է ամբողջ համայնքը, իսկ ամեն առավոտ հնչող զանգերի ղողանջը՝ լսելի Առինջի յուրաքանչյուր հատվածում: Սուրբ Մարիամ Աստվածածնի կառուցումից հետո Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ մարզի՝ եկեղեցի չունեցող 17 գյուղերի համար տեղադրվեցին խաչքարեր՝ որպես հավատքի ու քրիստոնեական սիրո խորհրդանիշ:
Սուրբ Մարիամ Աստվածածինը հարազատ ծննդավայրում կառուցած առաջին եկեղեցին էր, բայց ոչ վերջինը: Դրա ավարտից անմիջապես հետո Ծառուկյան ընտանիքն իր վրա վերցրեց Առինջում գտնվող մեկ այլ՝ կրկին Սուրբ Մարիամ Աստվածածնի անունը կրող եկեղեցու վերակառուցումը, որը դարերի ընթացքում վերածվել էր ավերակների: Նրա տարեգրության մասին վկայող հստակ փաստեր չկան, քանի որ ոչ մի արձանագրություն պահպանված չէ: Սակայն ըստ եկեղեցու ճարտարապետ Սամվել Ստեփանյանի՝ կառույցի հորինվածքը թույլ է տալիս ենթադրել, որ այն 9-10-րդ դարերի շինություն է: Ճարտարապետը պատմում է, որ եկեղեցու փլատակների մաքրման ընթացքում հայտնաբերվել է առյուծի գլուխ պատկերող քանդակ, որը հիշեցնում է Բագրատունիների՝ առյուծի տեսքով հնագույն զինանշանը: Այն թույլ է տալիս չբացառել, որ եկեղեցին կարող է կառուցված լինել հենց նրանց թագավորության օրոք:
Խոնարհված եկեղեցուն զուգահեռ Ծառուկյան ընտանիքը վերականգնում է նաև նրան շրջապատող ամրոցի պարիսպը, որի հետքերը տանում են դեպի ավելի վաղ շրջաններ:
Շարունակելով հայրենի Առինջի եկեղեցաշինությունը՝ Ծառուկյան ընտանիքը ստանձնեց նաև համայնքի հյուսիսում գտնվող Կարմրավոր մատուռի ամբողջական վերականգնումը: Մատուռն Առինջի ամենահին հուշահամալիրներից է և թվագրվում է 13-րդ դարով: Այն կառուցված է տեղական բազմերանգ սրբատաշ տուֆից և շրջապատված է միջնադարյան արձանագիր խաչքարերով և տապանաքարերով: Ասում են՝ Կարմրավորը Առինջի անձնագիրն է, որն ուրույն նշանակությունն ունի համայնքի տարեգրության մեջ: Մինչև վերակառուցումը մատուռը գտնվում էր կիսաքանդ վիճակում և ամբողջությամբ թաղված էր քարերի ու մացառների մեջ: Ծառուկյան ընտանիքի շնորհիվ հաջողվեց ոչ միայն բարձրացնել Կարմրավորի խոնարհված գլուխն ու շունչ տալ նրա անկենդան քարերին, այլև փրկել հազարամյակների բովով անցած մատուռն ու փոխանցել սերունդներին` որպես հոգևոր ժառանգություն:
Ծառուկյան ընտանիքի եկեղեցաշեն գործունեությունը, սկսվելով հայրենի ծննդավայրից, ընդլայնեց աշխարհագրությունն ու տարածվեց մինչև սահմանամերձ Այրում: Խոստանալով կյանքի կոչել այրումցու՝ եկեղեցի ունենալու տարիների երազանքը՝ 2007 թվականի գարնանը Գագիկ Ծառուկյանն ինքն էլ դրեց լեռան բարձունքին կառուցվելիք Սուրբ Հովհաննես եկեղեցու առաջին քարն ու ազդարարեց շինարարարության մեկնարկը: Ծառուկյան ընտանիքը հետևողական եղավ, որպեսզի եկեղեցին կառուցվի ամենասեղմ ժամկետներում: Ինչպես և խոստացվել էր, մոտ մեկ ու կես տարվա ամենօրյա աշխատանքից հետո Սուրբ Հովհաննես եկեղեցին բացեց դռները համայնքի ամբողջ հավատավոր ժողովրդի առջև:
Յուրաքանչյուր բարի գործ ինքն է իր համար ճանապարհ հարթում, առավել ևս երբ կամքդ արդար է, հավատքդ՝ զորավոր, աշխատանքդ՝ աստվածահաճո: Ծառուկյան ընտանիքի կառուցած ամեն մի եկեղեցին կարծես յուրովի սկիզն էր հաջորդի, որի շարունակությունն ուղղորդում էր Աստված, ու հենց Ինքն էլ կանխորոշում ամեն մեկի խորհուրդը: 2005 թվականին Ծառուկյան ընտանիքն Աբովյան քաղաքում սկսեց Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ սրբերից մեկի՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու կառուցումը: Հիմնարկեքը տեղի ունեցավ 2006 թ-ին, որին հաջորդեց 7 երկար ու ձիգ տարիների աշխատանքը: Ծառուկյան ընտանիքի հետ գործին միացան հարյուրից ավելի քանդակագործներ ու զարդագործ վարպետներ, ճարտարապետներ ու որմնանկարիչներ, շինարարներ ու բանվորներ: Աշխատանքը չէր դադարում ոչ մի օր ու օրվա ոչ մի ժամ: Եկեղեցին զբաղեցրել էր Ծառուկյան ընտանիքի ամբողջ միտքը. ամենօրյա սրտացավություն ու նվիրում, ամեն մի քարի ու քանդակի հետ նոր հույզեր ու ապրումներ: Արդյունքն ապշեցնող էր ու դուրս մարդկային անսահման երևակայությունից: Զբաղեցնելով ավելի քան 10.000 քառակուսի մետր տարածք՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին իշխող դիրք ունի ամբողջ քաղաքի նկատմամբ: Խորհրդանշական է, որ նրա վեհաշուք բարձրությունից հպարտորեն երևում է ճերմակահեր Արարատը՝ իբրև հայ ժողովրդի պատմության լուռ վկա:
Ավելի քան 8 տասնամյակի սպասումից հետո Նուբարաշենի հավատավոր ժողովուրդը ևս իր եկեղեցին ունի: Այն բարերար Գագիկ Ծառուկյանի խոստացած նվերն է համայնքի ավելի քան 10.000 բնակչին: Դեռ 2.5 տարի առաջ անսալով նրանց խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյանը խոստացավ՝ կարճ ժամանակում համայնքը եկեղեցի կունենա: 2012-ին մեկնարկած շինարարությունն ավարտվեց մոտ 2,5 տարվա ընթացքում: Համայնքի միակ եկեղեցին, որ կոչվում է Սրբոց Նահատակաց, կառուցվեց ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի: Խորհրդանշանական է, որ նրա բացումը համընկավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եկեղեցու ճարտարապետական լուծումները հարազատ են հայ միջանադարյան եկեղեցաշինության ավանդույթներին: Զարդանախշերն ու քանդակները խորհրդանշում են Հայոց Մեծ Եղեռնը: Եկեղեցու նախագծի հեղինակը ՀՀ Վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է:
Մարդը մտածում է, Աստված՝ տնօրինում: Ամեն մի եկեղեցու կառուցումից հետո թվում էր՝ այն վերջինն է լինելու, սակայն ամեն մի վերջ դառնում էր սկիզբը նորի: Թերևս, Ծառուկյան ընտանիքն իր առաքելությունն ամբողջությամբ կյանքի չէր կոչի, եթե կառուցած եկեղեցիների կողքին չավելացներ ևս մեկը՝ 7-րդը: Իսկ այն կառուցվելու էր Նոր Հաճընում ու կառուցվելու էր հաճնցիների խնդրանքով: 2010-ը թվականին՝ քաղաքի հիմնադրման տոնի ժամանակ, լսելով եկեղեցի ունենալու՝ բնակիչների վաղեմի ցանկությունը՝ Գագիկ Ծառուկյանը խոստացավ իրականացնել այն: Հենց նույն տարում զարկ տրվեց եկեղեցու շինարարությանն ու որոշվեց այն կառուցել Հաճընի՝ հերոսամարտում զոհված հայորդների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում: Գրեթե 5 տարի պահանջվեց, որպեսզի կառույցը ստանա իր ամբողջական տեսքը: Նոր Հաճընի սրտում վեր հառնող 7-րդ եկեղեցին, որն առանձնահատուկ խորհուրդ ամփոփելով իր մեջ ստացավ Սուրբ Ամենափրկիչ անունը՝ Ծառուկյան ընտանիքը կառուցեց որպես երախտագիտություն Բարձրյալին: