Մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

Սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հարգելի՛ հայրենակիցներ.
համայն հայությունն ու աշխարհն այսօր ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը: Յուրաքանչյուր տարի այս օրը մենք բոլորս գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի մեծագույն ոճրագործության՝ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առաջ, մեր աղոթքը բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգիների հանգստության համար:

Հայոց Մեծ Եղեռնից անցել է արդեն ավելի քան մեկ դար, սակայն հայ ժողովուրդը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը՝ հավատով, որ հատուցման ժամանակը գալու է:

Այո՛, Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ և ժխտողական անզիջում քաղաքականությունը որդեգրած Թուրքիան վաղ թե ուշ պետք է հատուցի մի ամբողջ ժողովրդի հայրենազրկելու, ունեզրկելու և անմարդկային կտտանքների ենթարկելու համար: Հայոց Մեծ Ցեղասպանությունը պետք է ընդունի նաև ամբողջ աշխարհը, քանի որ անպատժելիությունը դառնում է մարդկության դեմ նոր ոճրագործությունների և նոր հանցագործությունների պատճառ: Այդ ճանապարհը պարտադրում է ամենօրյա համառ ու քրտնաջան աշխատանք և այդ ճանապարհին անելիք ունի մեզանից յուրաքանչյուրը:

Իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք մի կողմ թողնելով ամեն մի շահ, միացել են հայկական պահանջատիրության համընդհանուր ջանքերին: Վստահ եմ, որ վաղ թե ուշ այդ ազնիվ ու արդարացի պայքարին միանալու են է՛լ ավելի մեծ թվով երկրներ ու մարդիկ: Աշխարհի ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է մշտապես վառ պահել մեր անմեղ նահատակների հիշատակն ու միասնական ջանքերով հասնել պատմական արդարության վերականգնմանը:

Մեր խոնարհումը 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Աստված պահապան մեզ բոլորիս…