Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, 
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995 թվականին մեր պետությունն ու ժողովուրդը վերահաստատեցին ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը: Սահմանադրության ընդունումն, իհարկե, ունի նաև բացառիկ պատմական նշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից և օրենքի առաջ բոլորիս հավասարության հիմնական երաշխավորներից մեկն է: 
1995 թ. այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005 և 2015 թվականներին փոփոխված ՀՀ Սահմանադրությունը պետք է ամուր հիմք հանդիսանա մեր երկրի հետագա բարգավաճման և հզորացման համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս օրվա առթիվ՝ հույս եմ հայտնում, որ միասնական ջանքերով մենք կարող ենք կերտել այնպիսի պետություն, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: