Գագիկ Ծառուկյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի դիմումը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հարցը քննարկելու և դրա վերաբերյալ խմբակցության պատգամավորների կարծիքները լսելու նպատակով ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նիստ է հրավիրել: Լսելով և հաշվի առնելով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունում որպես պատգամավոր մնալու վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կարծիքները, ԲՀԿ նախագահը հայտնել է նաև իր տեսակետը: Գագիկ Ծառուկյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ ինքը հանդիպել և զրուցել է Գևորգ Պետրոսյանի հետ ու պարզել, որ խնդիրը ոչ թե քաղաքական, այլ անձնական է: Շրջանառվող խոսակցություններն էլ, թե Գևորգ Պետրոսյանը պատվեր կատարող է և կուսակցությունում որպես «ական» է ծառայել, ապատեղեկություն է և չի համապատասխանում իրականությանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի ընդունել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ ներկայացրած դիմումը: Նիստի օրակարգում քննարկվել են նաև Երևանի ավագանու ընտրության վերաբերյալ հարցեր: