ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում միաձայն հաստատել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը

Երևանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրությանը ԲՀԿ ցուցակը գլխավորելու է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին այսօր ԲՀԿ քաղխորհրդի նիստում տեղի ունեցած բաց քվեարկությունից հետո հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք քաղաքական պայքարի մեջ ենք մտնում հանուն Երևանի ու երևանցու բարեկեցության, պատրաստ անելու հնարավոր ամեն բան, որպեսզի մեր քաղաքի յուրաքանչյուր բնակիչ ապրի արժանապատիվ կյանքով»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարել է, որ անելու է անհնարինը, որպեսզի Երևանի զարգացման՝ ԲՀԿ-ի տեսլականն արժանանա երևանցիների առավելագույն քվեին: Երևանի ավագանու առաջիկա ընտրությանը ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, լրագրող Պետրոս Ղազարյանն է, իսկ 3-րդը՝ քաղաքագետ Արման Աբովյանը: Պատգամավոր Արարատ Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀՀՇ վարչության հրավիրած նիստում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է իր թեկնածությունը: Այդ հարցում, սակայն, որոշիչ է լինելու Գագիկ Ծառուկյանի տեսակետը: