Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

31-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտված են: Ռիո դե Ժանեյրոյում նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուժեղագույն մարզիկները պայքարում էին լավագույնի կոչման համար:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: Հայաստանը 20 տարվա դադարից հետո կրկին օլիմպիական չեմպիոն ունի:

Անկախ Հայաստանը կարող էր ունենալ նաև Օլիմպիական խաղերի 3-րդ չեմպիոնը, սակայն մրցավարության կոպիտ և կողմնակալ որոշումը զրկեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու բերկրանքից: Մրցավարների խայտառակ որոշմամբ` օլիմպիական ոսկին տրվեց սերբ ըմբիշին: Հարությունյանը ստացավ օլիմպիական արծաթը:

105 կգ քաշային ծանրորդների պայքարում պատանեկան Օլիմպիական  խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 417 կգ արդյունքով դարձավ Խաղերի արծաթե մեդալակիր: Ծանրորդներից Գոռ Մինասյանը (105+ կգ) ևս դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել էր 451 կգ արդյունք:

Ազատ ոճային ըմբիշ Լևան Բերիանիձեն շատ մոտ էր օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն վերջինս բավարարվեց միայն 5-րդ տեղով: Հայաստանի օլիմպիական հավաքականի մեկ այլ ծանրորդ` գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանն ընդամենը մեկ քայլ հետ մնաց պատվո հարթակից:

Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանը 206 երկրների շարքում զբաղեցնում է 42-րդ տեղը: